Ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի համար սպաասելի էր, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսելու Արցախի ուղղությամբ։
Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը նախքան Արցախի ուղղությամբ ռազմական գործողությունների սկսումն էր ուղղակիորեն պատերազմ հայտարարել։ Ըստ Այվազյանի՝ Ալիևն այդ մասին խոսում էր դեռ սեպտեմբերի 21-ից։
Ադրբեջանագետի կարծիքով՝ մենք մեծագույն ռազմավարական սխալ ենք թույլ տվել 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ռազմական ագրեսիայի պարագայում, չճանաչեցինք Արցախի անկախությունը։ Իսկ այսօր Ադրբեջանը մեզ նորից այդ հնարավորությունը տվեց։
«Պատերազմ հայտարարելուց Հայաստանի և Արցախի դեմ՝ Ադրբեջանն ավել, էլ ինչ կարող է անել։ Կոտորում են մեր զինվորներին, իսկ մենք արժանապատիվ լավագույնս պատաասխան ենք տալիս։ Չպետք է մոռանալ, որ մենք կռվում ենք ավելի քան 70 միլիոնանոց ահաբեկչական պետության՝ Թուրքիայի և ֆաշիստական Ադրբեջանի դեմ, որոնց ռեսուրսները բավականաչափ մեծ են։ Հայաստանն անպայման պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ Բանակցություններն այլևս գոյություն չունեն։ Մենք նրանց հետ այլևս խոսելու բան չունենք։ Փաստացիորեն, այս անգամ մեզ հնարավորություն է ընձեռվել մեկընդմիշտ քաղաքական ճանապարհով այդ հարցին վերջնական լուծում տալ՝ ճանաչել Արցախի անկախությունը և Արցախի հետ կնքել ռազմաքաղաքական պայմանագիր»,- նկատեց փորձագետը։
Գրիգորի Այվազյանը նշեց, որ Ադրրբեջանին այնպիսի կորուստներ պետք է պատճառել, որ մոռանա Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման մասին։ Ասում է՝ 90-ական թվականներին պատերազմը կիսատ ենք թողել՝ Ադրբեջանին թույլ տալով ոտքի կանգնել և հետագայում պատերազմի պատրաստվել։
«Պետք է ջարդենք հակառակորդի ողնաշարը, որ այլև չկարողանա դիմել նման քայլի և անվերապահ կնքի կապիտուլյացիայի մասին պայմանագիր։ Հիմա, եթե մենք չենք ճանաչում Արցախը, ստացվում է՝ մենք ուրիշ երկրի տարածք զորք ենք մտցնում և ադրբեջանական քարոզչական, դիվանագիտական ջրաղացին ակամա ջուր ենք լցնում։ Ադրբեջանն ասում է, եթե Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, ինչու է նրա զորքը մտնում Արցախ, դա ինչ է, եթե ոչ օկուպացիա։ Առիթ ենք տալիս Ադրբեջանին, որ նա պատերազմ սանձազերծի նաև Հայաստանի դեմ՝ փորձի լայնածավալ ներխուժում կատարել։ Գաղտնիք չէ, որ Նախիջևանի կողմից նախապատրաստվում է թիկունքից Հայաստանի ուղղությամբ հարձակվել։ Ժամանակն է, որ ճանաչենք Արցախի անկախությունը»,- պնդում է փորձագետը և վստահեցնում՝ Հայաստանից հետո ևս մի քանի պետություններ կճանաչեն Արցախի անկախությունը։
Ստեղծված իրավիճակում Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Գրիգորի Այվազյանի կարծիքով, նման որոշումը ուշացած է և սխալ։
«Եթե դու սուբյեկտը չես ճանաչում, նրա հետ որևէ ռազմավարական պայմանագիր կնքելն անիմաստ է և ծիծաղի առարկայի ես վերածվում։ Ինչպես կարելի է խոսել ինչ- որ մեկի հետ դաշինք կնքելու մասին՝ առանց նրա սուբյեկտայնությունը ճանաչելու։ Ադրբեջանն առավելագույնը, որ կարող էր անել, պատերազմ հրահրելն էր և դա արեց՝ ռմբակոծելով խաղաղ բնակչությանը։ Հիմա, եթե մենք ճանաչենք Արցախի անկախությունը, կարո՞ղ է Մոսկվան մեզ պատերազմ հայտարարի։ Ինչի՞ց եք վախենում։ Եթե 2016 թվականին ճանաչվեր Արցախի անկախությունը, մենք հիմա չէինք ունենա այն վիճակն, ինչ- որ հիմա ունենք»,- մատնանշեց նա։
Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ ինչքան էլ հիմա Ադրբեջանը կորուստներ տա մարտի դաշտում, դա էական նշանակություն չունի նրա համար։ Ադրբեջանը Սիրիայից վարձականներ ու երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին է առաջնագիծ տանում։
«Անձամբ Իլհամ Ալիևը շնորհակալ է հայկական կողմին, որ ոչնչացնում են հայերի դեմ կռիվ տվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ալիևը նրանց մարտի դաշտի է հանել, որ կոտորվեն»,-նշեց նա։
Ադրբեջանագետը կարևոր է համարում մարտական գործողությունների ընթացքում տարածքներ չկորցնելը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի ճանաչումն օրակարգում է և այդ հարցը տեղափոխվում է ակտիվ քննարկումների փուլ:
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ տեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։