ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ։ Այս մասին
հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:
Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին:
Հայկական կողմը մեկ անգամ ևս ընդգծում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ՝ տանելու այն ռազմական լուծմանը, վճռականորեն կասեցվելու է:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հայտարարություն էին
տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան։ Նաև կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը: