Թվով 13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Այս մասին ֆեյսբուքում
գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ազգային Օրակարգ», «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «ՀԴԿ», «ՀՅԴ», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները միջնորդում են վերացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը:
Իրենց առաջարկությունը բացատրում են նրանով, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում պատերազմական իրավիճակ է, և նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի ավանդը պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած միջազգային մեծ կապերը, պետության շուրջ քաղաքական ուժերի համախմբվածության, ներազգային հաշտության ու համերաշխության հրամայականը կարծում են, որ Ծառուկյանին կալանքի տակ պահելը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից։
Կուսակցությունների ղեկավարները գտնում են, որ քրեական գործի հարուցումից հետո շուրջ երեք ամիս Գագիկ Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ, որի ընթացքում որևէ կերպ չի խուսափել նախաքննության մարմնից, որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը։ Պնդում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։
Հիշեցնենք, որ դատարանը
հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը կհրապարակվի վաղը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին։ Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ Ադրբեջանի հետ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ։