Վստահեցնում եմ՝ շուտով հստակ անուններ կլինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիրքերում զինվորների շրջանում կեղծ լուր տարածելու դեպքի մասին:
«Մեր քաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի մասին է խոսքը, ում մասին է խոսքը, ով է փորձում իր մանր, անձնական և քաղաքական շահերն այս պատերազմի շնորհիվ առաջ տանել: Տեսնում եք, որ ունենալով խորագույն խնդիրներ ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի հետ, այնուամենայնիվ, միասնականություն կա, բայց կան մարդիկ, որ փորձում են և փորձելու են իրենց շահերն առաջ տանել»,-նկատեց նա։
Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման վարչապետի որոշումը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը գրառում էր արել, որում ասվում է, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել, մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Լուր տարածող Ստեփանակերտի բնակիչը ձերբակալվել է։
Վարչապետի գրառումից շատ ժամանակ չանցած՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։