ՀՀ և ՌԴ արտգործնարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգել Լավրովի հանդիպումը լավ առիթ է՝ օգտագործելու եղած լծակները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ հրադադարը չի կայացել, Հադրութում թեժ մարտեր են ընթանում:
Ըստ Մարուքյանի՝ հայկական դիվանագիտության անելիքները շատ են. ամեն ինչ պետք է անել, որ հրադադարը կայանա:
Էդմոն Մարուքյանը ստեղծված իրավիճակում խորհրդարանական ուժերի աշխատանքների վերաբերյալ էլ ասաց, որ ամեն մեկն իր լծակներն է օգտագործում։
«Օրինակ՝ ԵԽԽՎ-ի ընդլայնված հանդիպում է լինելու, որտեղ քննարկվելու է մեր պատերազմի հարցը։ Գրանցված ենք բոլորս, հույս ունեմ, որ 2-3 ելույթ կկարողանանք ունենալ։ Թեժ մարտեր են սպասվում։ Ինչ վերաբերում է այլ ուղղություններին, ապա ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր բարեկամական խմբի ղեկավար իրազեկում է տեղի ունեցողին»,- նկատեց նա։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝ պատգամավորը նշեց, թե եթե կարողանանք հասնել նրան, որ ԱՀ անկախությունը մեզ հետ միաժամանակ ճանաչի ՄԽ անդամ երկրներից մեկը, դա իմաստ կունենա:
«Ուղղակի թղթի վրա ճանաչումը ոչինչ չի փոխի: Մենք դեռ ուղերձ ենք հղում արտաքին աշխարհին։ Առավել իրատեսական է ՄԽ անդամներից Ֆրանսիայի և ՌԴ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը»,- նշեց նա։
Մարուքյանը նաև հավելեց, որ իրավիճակը շատ բարդ է. մարտի դաշտում որոշվում է մեր պետության և ժողովրդի ճակատագիրը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի, իսկ այսօր՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։