Ադրբեջանն Արցախն օկուպացնելու խնդիր է դրել իր առաջ։ Այս մասին ժողովրդին ուղղված տեսաուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ հայոց բանակը ձախողել է բլից-կրիգով Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները գրավելու ադրբեջանաահաբեկչական պլանը։
Չնայած հայոց բանակի հաջողություններին ՝ վարչապետը տեղեկացրեց, որ հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ ենք ունեցել։
Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ մեր զոհերի թիվը մեծ է։
«Ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր սեփական կյանքով պաշտպանեցին մեր ինքնությունը: Խոնարհվում եմ հատկապես նրանց մայրերի առաջ: Նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը և մինչ այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձևավորմանը։
Վարչապետն ասաց, որ այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է։
«Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին ու հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման», – եզրափակեց նա։