Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռք բերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը: Եթե դուք մեզ եք մեղադրում, ապա ես եմ հարց առաջադրում. տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին:
Սա այն է, ինչ նրանք անում են, անում էին ողջ ընթացքում և շարունակում են նաև հիմա. կատարյալ անհարգալից վերաբերմունք և արհամարհանք իրե՛նց իսկ ստանձնած պարտավորությունների նկատմամբ, շարունակական ագրեսիա, քաղաքացիական բնակչության շրջանում շարունակական ավերածություններ: Սա սարսափելի է: Սա բացարձակապես անընդունելի է․․․ Այս մասին «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ հայկական ուժերը խախտեցին զինադադարը:
Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը թիրախավորում Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայի քաղաքացիական բնակչությանը՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է․
«Խաղաղ բնակչության առնչությամբ մենք շատ հստակ ենք եղել. երեք շաբաթ շարունակ Ստեփանակերտը` Արցախի մայրաքաղաքը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հարյուրավոր գյուղեր ենթարկվում էին անդադար հրետակոծության և ռմբակոծության` անօդաչու թռչող սարքերի և թուրքական օդուժի կողմից կառավարվող թուրքական արտադրության «Բայրաքթարների» միջոցով: Հրթիռներ, «Գրադ», «Սմերչ», տանկեր, ավիացիա, ամեն ինչ ուղղվում էր այդ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա:
Մեր հայրենակիցների համար այս իրավիճակը պարզապես սոսկալի է: Կան բազմաթիվ տեղահանվածներ: Մարդիկ ապրում են ապաստարաններում: Էլեկտրակաէներգիայի և ջրի մատակարարումը խաթարվել է: Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր անցնում են այս տառապանքների միջով: Ադրբեջանը չի հասկանում քաղաքակիրթ լեզուն»,- ասել է Մնացականյանը: