Ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, և այդ մանդատը կայանում է կողմերի՝ փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Երկրորդ մանդատը, նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է:
«Տվյալ պարագայում երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարն իրականացվի: Պատահական չէ, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սրան են նվիրված, որպեսզի երաշխավարոված լինի։ Չլինի, որ անընդհատ հայտարարվի հրադադար, հետո՝ խախտվի»,- նշեց փոխնախարարը։
Քոչարյանի դիտարկմամբ՝ առայսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից առավել ակտիվ են Ռուսաստանն ու Ֆրանսիան, որովհետև երկրորոդ անգամ հայտարարված հրադադարը փորձում էր առաջ տանել հենց ֆրանսիական կողմը։ Ըստ փոխնախարարի՝ հիմա ամերիկյան կողմի միանալն է կարևոր:
Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքին՝ նա նշեց, որ շատ դեպքերում մենք բավարարված չենք:
«Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ։ Եվ ամեն բան որոշվում է մարտի դաշտում։ Հայկական կողմի համար ամեն օրը ցավալի է, բայց մյուս կողմից մենք պետք է գիտակցենք, որ, եթե խոսքը վերաբերում է քո անվտանգությանը, առաջին հերթին դա քո պարտքն է, եթե մեկը հույսը դնում է, որ օտարը կգա ու կօգնի՝ դատապարտված է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը։
Փոխնախարարը նշեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է հարձակում լինի Հայաստանի վրա, իսկ արձանագրված դեպքերն ագրեսիա որակելը դեռ վաղ է համարում։