Արցախի դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնած ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանին և պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հարցում ինչպես բանակցային սեղանին, այնպես էլ մարտի դաշտում:
Թեմայի շուրջ Armenia Today-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ
–Պարոն Իսպիրյան, Էրդողանը կարծիք հայտնեց, որ Անկարան ունի նույն իրավունքը, ինչ Մոսկվան՝ ներգրավվել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
-Թուրքիան երկար տարիներ մշտապես բարձրաձայնում է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իր ներգրավվելու ցանկության մասին։ Նոր չեն նման հայտարարությունները։ Միայն Էրդրողանը 18 տարի է՝ խոսում է այդ մասին։
Այո, Թուրքիան կարող է նպաստել խաղաղությանը, չխառնվելով պազերազմին, փոքր եղբորն ասելով՝ մի կռվիր։ Դե թող այս տարբերակով մասնակցի, պարտադիր չէ մտնել բանակցությունների մեջ։
– Բայց, մենք Թուրքիայի կողմից հակառակ գործընթացն ենք տեսնում։
-Բնականաբար, բոլորը տեսնում են, որ Թուրքիան Ադրբեջանին դրդում է պատերազմի։ Դա տեսնում են բոլորը, այդ թվում՝ համանախագահող երկրները։ Եվ այս գործընթացքում մասնակցել խաղաղարար որևէ միջոցառման, ուղղակի անիմաստ է, քանի որևէ դա Թուրքիային թույլ չեն տա։ Օրինակ՝ ՌԴ-ի կողմից խաղաղապահների վերաբերյալ հայտարարություններն այդ մասին են վկայում։ ՌԴ-ն հայտարարում է՝ եթե երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, այդ դեպքում միայն հնարավոր է արցախա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայումը։
-Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ հնարավոր է մի փոքր փոխել Մինսկի խմբի ձևաչափը։ Հնարավոր համարո՞ւմ եք Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը։
-Ադրբեջանն ինչքան էլ մի բան ցանկանա, չի լինի, եթե մնացածները չեն ուզում դա։ Նշեմ, որ ձևաչափ փոխելը չի նշանակում Թուրքիային ներառել այդտեղ։ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է 10 երկրների շարքում, այդ երկրներից որևէ մեկը կարող է հայտարարություններ անել, բայց ոչ մասնակցել բանակցություններին և ինչ- որ բաներ վճռել։ Անկարան Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում չի կարող նույն իրավունքն ունենալ, ինչ՝ Մոսկվան։
Այս ընթացքում համանախագահ երկրների հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան Արցախի հարցում համանախագահող երկիր լինելու որևէ շանս չունի։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ֆրանսիան դա նրան թույլ չեն տա։ Ֆրանսիան բավականին ադեկվատ արձագանքել էր Թուրքիայի հայտարարություններին, դրանից հետո ինչպե՞ս կարող ենք Թուրքիային պատկերացնել որպես համանախագահող երկիր։
–Էրդողանը հայտարարեց՝ եթե Ադրբեջանն իրենց զորքի ուղարկելու խնդրանքով դիմի, չենք վարանի օգնել։ Բայց Թուրքիան արդեն իսկ ներգրվված է պատերազմում։ Ստացվում է՝ Թուրքիան չի թաքցնում իր ներգրավվածությունը պատերազմին և արդեն բացահայտ է ուզում մարտի դաշտ մտնել։
-Եթե Ադրբեջանը դիմի Թուրքիային, այս ամենն առաջինն Ադրբեջանի վրա ծանր հետևանքներ կթողնի՝ հաշվի առնելով ՌԴ-ի գործոնը։ Այդ դեպքում արդեն Ռուսաստանը քայլեր կձեռնարկի։ Տեսեք, երեկ Վլադիմիր Պուտինն էլ նշեց, որ Ղարաբաղի հարցում իրենց և Թուրքիայի դիրքորոշումները տարբեր են։ Երբ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Արցախյան պատերազմում գրոհայինների ներգրավվածության փաստն ուսումնասիրվում է, դա Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Պուտինը եզակի է նրանով, որ ամեն ինչ իր բերանով չի ասում, ասելիքը հայտնում է համապատասխան կառույցների, լրատվամիջոցների միջոցով։
Տավուշում հուլիսյան դեպքերի ժամանակ է սկսել աշխուժանալ Թուրքիան, նա է հենց այդ դեպքերը հրահրել։ Ես այդ ժամանակ նկատեցի, որ Թուրքիան Կովկասում ուզում է իր ազդեցությունը մեծացնել։ Թուրքիան տեսնում է, որ երկար տարիներ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է զենքի համար վճարում ՌԴ-ին, Ուկրաինային, Իսրայելին, իսկ ինքը եղբոր փողերից անմասն է մնում։ Եվ փորձեց իր ակտիվությամբ Ադրբեջանում հակահայկական արշավներ սկսել։ Թուրքիան Ադրբեջանին պատերազմի դրդեց, որ զենք վաճառի։ Օրինակ, այդ «Բայրաքթարները» մի քանի ամսվա արտադրանք են՝ հուլիսյան դեպքերից հետո են արտադրվել։ Այդ ժամանակ, երբ Թուրքիան ակտիվացավ, ես կանխատեսեցի, որ ուզում է զենք վաճառել և, ցավոք, այդպես էլ եղավ։
Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիան Ադրբեջանին 123 մլն դոլարի զենք է վաճառել, բայց ոչ պաշտոնապես այդ թիվը 5-6 անգամ ավելի մեծ է։
«Բայրաքթարները» Ադրբեջանին գրավել են նրանով, որ քիչ մարդկային ռեսուրսներով կարելի է հակառակորդին մեծ կորուստներ պատճառել։ Եվ դա Ադրբեջանին բավականին դուր էր եկել, բայց մարտի դաշտում հակառակը համոզվեց։