Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին․
Դոյչե Վելլե. Այս մեկնաբանությունը, մասնավորապես, արվել է ձեր վարչապետի կողմից: Մենք շատ ենք խոսում բառապաշարի և հռետորաբանության մասին, և ես կցանկանայի դիտարկել նաև այն գործողությունները, որոնք դուք ձեռնարկել եք: Ներկայումս կա երրորդ ճանապարհը, որը նախատեսվում է կառուցել վիճելի տարածքում` Հայաստանից դեպի Արցախ: ԵՄ մի շարք խորհրդարանական հանձնաժողովներ դատապարտել են այդ քայլը: Ահա թե ինչ են նրանք ասում. «այս մայրուղու կառուցման որոշումը կայացվել է միջազգային իրավունքի խախտմամբ, առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության»: Ուստի, սրանք այստեղ պարզապես խոսքեր չեն, դրանք իրական հստակ գործողություններ են Հայաստանի և այդ շրջանում Հայաստանի կողմից աջակցվող կառավարության կողմից: Այս սադրանքները լոկ խոսքեր չեն, դրանք գործողություններ են, այնպես չէ՞:
Զոհրաբ Մնացականյան. Հիմա եկեք նորից անդրադառնանք դրան: Եկեք նայենք դրան այլ դիտանկյունից: Արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը այս աշխարհից մեկուսացնելու, Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ ցանկացած կապից մեկուսացնելու համար՝ արգելափակելով այն ամենը, ինչը կարող է նպաստել Արցախում բնականոն կենսապահովմանը, արգելելով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված Արցախում մարդկանց բնականոն կյանքի ապահովմանը: Արցախում մարդիկ են ապրում: Տեսեք, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 90,000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8,000 միավոր անշարժ գույք և ենթակառուցվածք: Արցախում մարդասիրական իրավիճակ է, և ի՞նչ ունենք մենք. արդյո՞ք պետք է նրանց միայնակ թողնենք: Արդյո՞ք մենք պետք է անտեսենք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքերը: Միթե՞ այդ կյանքերը նվազ կարևոր են:
Դոյչե Վելլե. Բայց դա ամենևին էլ իմ հարցը չէր, պարոն արտգործնախարար: Հարցս հետևյալն էր. դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ձեռնարկած գործողությունները այդ շրջանում սադրիչ են, և դրանք որպես այդպիսին մեկնաբանում է մյուս կողմը:
Զոհրաբ Մնացականյան. Ներողություն, ես պետք է կրկին ասեմ: Ի՞նչը սադրիչ չէ. թողնել, որ մեր ժողովուրդը ճնշվի Արցախում: Թողնե՞նք մեր ժողովրդին մեկուսացման մեջ Արցախում: Նրանք պակա՞ս կարևոր են, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ: Կներեք, ես չեմ կարող սրա հետ համաձայնվել, երբեք էլ չեմ համաձայնվի: Մեր ժողովուրդը չպետք է ճնշվի: Նրանք էլ մյուսների պես մարդիկ են: Եվ հենց սա է Արցախի նկատմամբ նրանց քաղաքականությունը` նվաստացնել, մերժել արժանապատության, ապահովության և անվտանգության մեջ ազատ ապրելու նրանց իրավունքը: Եվ հիմա Դուք ինձ ասում եք, որ այն, ինչ մենք անում ենք՝ ապահովելու մեր հայրենակիցների բնականոն կյանքով ապրելու հնարավորությունը, սադրիչ գործողություն է: Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ:
Մանրամասներն՝ այստեղ։