«Քաղաքակիրթ ազգերի առաջնորդները, անկախ կրոնական կամ էթնիկ ինքնությունից, պետք է գործեն աներկբա և կանգնեցնեն ագրեսորներին և օգնեն հաստատել երկարատև խաղաղություն: Մենք կարիք ունենք խաղաղության, ինչին հնարավոր է հասնել միայն բանակցությունների և երկխոսելու միջոցով: Սակայն հենց սա է, որ ադրբեջանական կողմը մերժում է ամեն անգամ այնպիսի պատճառաբանություններով, որոնք սարսափելի են մեզ բոլորիս համար»,- գրված է Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։
«Նրանք պնդում են, որ օրինական իրավունք ունեն կիրառելու ուժ՝ բիրտ ռազմական ուժ, ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի:
Պետք է հասկանանք, որ այս և ես կասեի՝ ցանկացած հակամարտություն, չի կարող ունենալ ռազմական կարգավորում: Հայերը մշտապես հավատացած են եղել, որ խնդրին լուծում պետք է տրվի խաղաղ բանակցությունների միջոցով և այնպես, որ իրավիճակն է՛լ ավելի չի բարդանա: Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելուց, որպեսզի թույլ տանք բանակցությունները տեղի ունենան և հասնենք խաղաղ կարգավորման: Սակայն Թուրքիան և Ադրբեջանը թվում է, այլ կերպ են տեսնում խնդրի լուծումը, նրանք առաջ են տանում միայն ռազմական, ագրեսիվ և, իմ համոզմամբ, ցեղասպան օրակարգ:
Մահմեդական և արաբ առաջնորդներին ուղղված իմ կոչը նպատակ ունի խնդրելու, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ազդեցությունն ու միջազգային հարթակներում բարձր հեղինակությունը՝ անմիջապես կանգնեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
Միասին մենք կարող ենք կանգնեցնել այս ագրեսիան, քանի որ մենք խաղաղության կողմնակիցներ ենք, ովքեր մերժում են պատերազմը, բռնությունն ու ահաբեկչությունը»: