Ազգային ժողովը քննարկեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, չնայած կարևորեց ծրագրում Դդմաշենում էլեկտրոցանցի վերակառուցման հարցը, բայց իր վերապահումները ներկայացրեց։
Նրա խոսքով՝ 2017 թվականին այս ծրագիրը կասեցնելու որոշում է կայացվել՝ այն ոչ նպատակահարմար և հետգնման առումով խնդրահարույց համարելու հիմնավորմամբ և պետական պարտքի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու նպատակով:
Ի դեպ, ԼՀԿ-ական պատգամավորը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց մեկ այլ խնդրի վրա ևս։
Նա պատմեց, որ վերջերս Ճամբարակից տեղեկություն է ստացել, որ ռազմական դրության ժամանակ, ցուրտ եղանակի պատճատով վաշտի հրամանատարը հանձնարարել է ցախ բերել, սակայն, այդ դեպքով քրեական գործ է հարուցվել և ցախն առգրավվել է։
«Տավուշի անտառից են ցախը կտրել՝ շուրջ 6 խորանարդ մետր է եղել։ Ես կողմնակից եմ իրավական պետությանը, բայց եթե մենք կարողանում ենք ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրեական գործ հարուցել, ապա ինչպե՞ս հասկանանք, որ Հայաստանում երկրի համար լրացուցիչ ծրագրերը ոչ արդյունավետ կազմակերպելու և իրականցնելու համար, ճիշտ որոշումներ կայացնելու, տեխնիկական ճիշտ լուծումներ գտնելու մեր անկարողության պատճառով պետության համար առաջանում է շուրջ 3 մլն 800 000-ից ավելի ծախս կատարելու և երկրին լրացուցիչ վնաս հասցնելու իրավիճակ։ Մտածեք այս մասին»,- հարց բարձրացրեց պատգամավորը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, անդրադառնալով Արկադի Խաչատրյանի հայտարարությանը, տեղեկացրեց, որ Տավուշում տեղի ունեցած դեպքի հետ կապված քրեական գործ չի հարուցվել։