Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան: Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀԱՊԿ-ում և նմանատիպ այլ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք տեսնենք, որ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում կասկածի տակ դնել, այդ քայլը կարվի։ Այսօր մենք դրա կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանի վտանգի պարագայում, ես վստահեցնում եմ, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն թողնի, որ այդ իրավիճակը շատ խորանա»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այսօր մենք ունենք մեկ գործընկեր, որն ամեն ձևով մեր երկրին աջակցում է, և դա Ռուսաստանի Դաշնությունն է։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե Արցախի հարցում հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ զիջումների, բայց ոչ՝ կապիտուլյացիային, նա նկատեց․ «Խոսքն այն մասին է, որ հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների։ Եթե բանակցությունների ընթացքում կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար կլիներ ընդունելի, ապա դա կդրվեր Արցախի ու Հայաստանի ժողովրդի քննարկմանը։ Փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չեն կարող լինել այս փուլում, ցավոք, այս խոսակցությունն այլևս սպառված է»։