Ֆրանսիայում Արցախի անկախության ճանաչման պահանջով խաղաղ ցույցն ուղեկցվեց տհաճ միջադեպով։ Ցուցարարների վրա հարձակվել էին մուրճերով ու մարմնական լուրջ վնասվածք հասցրել։
«Ֆրանսիան մի պետություն է, ուր ապրում է և՛ մեծ հայկական համայնք, և՛ մահմեդական համայնք։ Բնականաբար, երկրում իրավապահ համակարգը պետք է իրադրությունն այնպես կարգավորի, որ այս երկու համայնքների միջև կոնֆլիկտի սրացում չլինի, որպեսզի չվնասվի հասարակական կարգը, հանրության համար անվտանգության խնդիրներ չառաջանան»,- միջադեպի մասին այսպես խոսեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Բնականաբար, որտեղ կա հայկական համայնք՝ այնտեղ կա նաև ադրբեջանական համայնք։ Պետք է այնպես անել, որ այդպիսի բախումներ չլինեն, հակառակ դեպքում կարող են ավելի վատ հետևանքներ լինել։ ԼՂՀ-Ադրբեջան բախումը բերում է նաև համայնքների միջև սրման»,- ասաց Սամսոնյանը։
Կապված ԲՀԿ և ԼՀԿ կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված Անվտանգության խորհրդի համատեղ նիստ անցկացնելու առաջարկի հետ՝ Սամսոնյանն ասաց․
«Իրավիճակը փոխվում է ժամ առ ժամ, և կան շատ հարցեր, որոնք կուզեինք քննարկել։ Դրանք հարցեր են, որոնք մենք չենք կարող բարձրաձայնել։ Լավ կլինի, որ առաջարկն ընդունվի։ Այն կարող է հարթակ հանդիսանալ, որ նաև մեր մտահոգությունները բարձրաձայնենք։ Հարցերը ոչ միայն սահմանային, այլ թիկունքային ու դիվանագիտական աշխատանքներին են առնչվում»,- ասաց նա։
Սամսոնյանը կարծում է, որ պետք է անպայման հասնել գոնե հրադադարի պահպանմանը, որովհետև այսօր Թուրքիան դա արգելում է անել Ադրբեջանին։ Թուրքիայի նպատակը մեկն է՝ խաղալ Մինսկի համանախագահող երկրների վարկանիշի հետ և հայտնվել բանակցային սեղանին։
«Պատերազմը հաղթելու համար քաղաքական էլիտան պետք է դուրս գա էմոցիոնալ տիրույթից ու սառը, կշռադատված որոշումներ կայացնի»,- համոզված է ընդդիմադիր պատգամավորը։