ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է ճշտել, թե արդյոք ամերիկյան կառավարությունը դիտարկո՞ւմ է Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը դադարեցնելու տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու հետ կապված, հաղորդում Է ТАСС-ը:
«Գործը միայն հրադադարի մեջ չէ։ Մենք, իհարկե, փորձում ենք հասնել մարտական գործողությունների բնակավայրերին թիրախավորելու դադարեցմանը։ Դա, անշուշտ, արվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն է նաև ԱՄՆ-ն։ Ահա այստեղ էլ մենք աշխատում ենք՝ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի օգնենք Ադրբեջանին ու Հայաստանին հասնել այն փուլին, երբ կարող է լինել հակամարտության կարգավորումը», – չորեքշաբթի հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը։
Նրա խոսքով՝ ներկայում ուշադրությունը կենտրոնացվում է երկու ոլորտների վրա՝ հրադադարի և խաղաղ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման:
Նա չի պարզաբանել, թե արդյոք Միացյալ Նահանգները կարո՞ղ է գնալ նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության սառեցման, ինչպես առաջարկում են մի շարք ամերիկացի օրենսդիրներ:
«Այս փուլում ես առաջ չեմ վազի այն սահմաններից դուրս, որտեղ մենք գտնվում ենք Մինսկի խմբի հետ», – եզրափակել է Կուպերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։