Իրանը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման նոր պլան է մշակել: Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին այցելել է Բաքու, հետո Մոսկվա։ Նա հանդիպել է նաև ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այնուհետև կմեկնի նաև Անկարա։
Իրանի մշակած պլանի մասին Armenia Today-ը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։
–Իրանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ Իրանն առաջարկում է Ղարաբաղի հակամարտության լուծման տարածաշրջանային մոտեցում` այն երկրների մասնակցությամբ, որոնք էական դեր են խաղում տարածաշրջանում։ Նա ընդգծել է նաև ՌԴ-ի կարևորության մասին։ Սա նշանակո՞ւմ է, որ Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Ֆրանսիային դուրս մղել Արցախի հարցի լուծման գործընթացից:
-Իրանի ԱԳ փոխնախարարի և ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից հետո էլ վերջնական չբացեցին Իրանի պլանի փակագծերը։ Կարելի է նշել, որ Իրանը, զգալով Թուրքիայի ազդեցության մեծացումն Ադրբեջանում, փորձում է ներգրավվել հակամարտության կարգավորման գործընթացում։
Հիշենք՝ Թուրքիան հայտարարել էր, որ տարածաշրջանում որևէ հարց չի կարող լուծվել առանց իր մասնակցության։ Իրանը փորձում է իր ազգային շահերից ելնելով՝ Թուրքիային հասկացնել, որ առանց իրեն էլ չի կարող որևէ հարց լուծվել։ Այսինքն՝ եթե Թուրքիան ներգրավվել է որևէ գործընթացի, Իրանն անպայմանորեն պետք է լինի նույն այդ գործընթացում։ Իսկ ձևաչափի փոփոխության մասին դեռ ոչինչ չենք կարող ասել։ Նկատենք, որ մեր դիվանագիտական կառույցների կողմից հայտարարություն հնչեց, որ դեռևս Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում։ Իսկ Իրանի ծրագիրը ՀՀ-ի կողմից կուսումնասիրվի։
Իմ կարծիքով՝ տարածաշրջանային այս ձևաչափը ենթադրում է Ռուսաստան-Իրան- Թուրքիա եռյակի ազդեցության մեծացում տարածաշրջանում։ Թուրքիայի ակտիվությունը մեր օգտին չէ, քանի որ այդ երկիրն արդեն իսկ ներգրավված է պատերազմում՝ կանխակալ վերաբերմունք ունի հակամարտության լուծմանը։
Ձևաչափի փոփոխության հետ կապված պետք է սպասել հայկական կողմի պաշտոնական դիրքորոշմանը։
-Աբբաս Արաղչին նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն անարդյունավետ է, և այդ խմբում կան երկրներ, որոնք տարածաշրջանի մեջ չեն մտնում և Ղարաբաղի հակամարտության ճգնաժամի լուծման գործում որևէ առնչություն չունեն: Նաև հաշվի առնելով Իրանի պլանը, հնարավո՞ր է ձևաչափի փոփոխություն լինի։
-Իրանը գրեթե միշտ ցանկություն է հայտնել մասնակիցը դառնալ միջնորդական առաքելությանը։ Իրանը դիվանագիտական և հանրապետության ղեկավարության մակարդակով հայտարարել է, որ Մինսկի խումբն արդյունավետ չէ։ Իրանը տեսնելով, որ լայնամասշտաբ պատերազմը շարունակվում է, և Թուրքիան մեծացնում է իր ներգրավվածությունը՝ զինտեխնիկայի և ահաբեկիչների մասով, ստիպված եղավ ավելի ակտիվ գործել, այսինքն՝ հարցի կարգավորման փուլում առաջարկելով իր տարբերակը
Իրանի այդ հայտարարությունը ենթադրում է ձևաչափի փոփոխություն։ Հայկական կողմից տարածաշրջնային ձևաչափն ընդունելի չէ, ընդունելի է Մինսկի խումբը։
Իրանի ու ՌԴ-ի շահերը շատ հարցերում են համընկնում, իսկ Թուրքիայի ու Իրանի՝ ոչ։ Թուրքիան տարածաշրջանային մակարդակում Իրանի գլխավոր մրցակիցներից մեկն է։ Եվ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում ու Ադրբեջանում ստիպեցին Իրանին ավելի գործուն քայլերով միջամտել հակամարտությանը։
– Իրանի պլանի առաջին էտապը հետևյալն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև փոքրամասնությունների իրավունքները։ Ըստ Ձեզ՝ ազգային փոքրամասնությունների մասին խոսելիս, ո՞ր կողմին Իրանը նկատի ունի։
– Իրանը, լինելով բազմաէթնիկ պետություն, իր ներքին ազգային անվտանգային շահերից ելնելով, չի կարող և ցանկություն էլ չունի հանդես գալ ազգերի ինքնորոշման խնդրից։ Բազմաէթնիկ պետություն է, և դա կարող է վտանգ ներկայացնել հենց իր ներքին խաղաղության համար։ Պաշտոնական հայտարարության մեջ Արաղչին չի նշել, թե ում նկատի ունի, բայց սխալ է համարել այն, որ հայերը կարող են Արցախում փոքրամասնություն լինել։
–Իսկ Իրանն ինչպե՞ս է հանդուրժում իր սահմանին մարտական գործողությունները՝ ահաբեկիչների մասնակցությամբ։
-Կարելի է ասել՝ ահաբեկիչների ներգրավվածությունը չի հանդուրժում, դատապարտող հայտարարություններ էլ եղան։ Ռոհանի- Էրդողան խոսակցության ժամանակ իրանական կողմն այդ մասին մտահոգություն հայտնել է։ Իրանը հասկացրել է՝ եթե ահաբեկչական խմբավորումներն մոտենան իր սահմանին, կպատժվեն։ Իսկ ներկա փուլում պատժիչ գործողությունները նրա կողմից իրատեսական չեն, քանի որ ահաբեկիչները կռվում են ադրբեջանական բանակի հանդերձանքով։ Այս պարագայում զսպողական քայլեր նախաձեռնելն էլ իր շահերից չի բխում։ Եվ, առհասարակ, Իրանի շահերից չի բխում որևէ ռազմական գործողություն իր սահմանին, դրա համար էլ իրանական կողմը մշտապես շեշտում է հակամարտության խաղաղ կարգավորումը։