Այսօր՝ ժամը 17:00-ին, կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի: Օրակարգում ընդգրկված է երեք հարց։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ է կատարվելու, որով Երևանի փոխքաղաքապետերի թիվը մեկով կավելանա։
Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի` որպես համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար (հրամանատար) հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ևս փոփոխություններ կարվեն։
Ըստ նախագծի՝ համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն է լինելու։
Գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը համայնքի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավար է լինելու:
Նախագծով նախատեսվում է նաև, որ համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնից նշանակում և ազատում է համայնքի ղեկավարը, բացառությամբ այն դեպքերի, երբ համամասնական ընտրակարգով է ընտրվում համայնքի ղեկավարը։ Այս դեպքում համայնքի ղեկավարին և նրա տեղակալին ընտրում է ավագանին:
Քննարվելու է նաև նախորդ նիստին չընդունված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III. Հայաստան- Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրի վավերացումը։
Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը։