Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի և ՌԴ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ, հաղորդում են կուսակցության գրասենյակից:
ԲՀԿ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը, Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դարձել նաև թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին վերաբերող հարցերը, ինչպես նաև այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելու հարցը:
«Բարգավաճ Հաաստան» կուսակցության ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը բարձր է գնահատում ռազմավարական գործընկեր ՌԴ Պետդումայի գործընկերների հետ մի քանի օր շարունակվող կառուցողական և արդյունավետ քնարկումները և շնորհակալություն է հայտնում բարձր մակարդակով անցկացված հանդիպումների համար: Հուսով ենք, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման գործում: