Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ ստույգ տվյալներ է ստացել Մերձավոր և Միջին Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Նրա խոսքով՝ ԱՀԾ-ն «հավաստի տեղեկություններ ուներ» մարտական գործողությունների գոտում Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից ահաբեկիչների ներգրավվածության մասին:
«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքի, Միջին Արևելքի գործընկեր ծառայություններից», – ասել է Նարիշկինը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։