ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արձագանքել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների՝ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկին։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը կրկին դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով։
Շուրջ երկու շաբաթ առաջ էլ էին նույն պահանջով Գագիկ Ծառուկյանը և Էդմոն Մարուքյանը դիմել վարչապետին։ Սակայն, այդպես էլ նիստը չկայացավ։
Վարչապետի մամուլի խոսնակն առաջարկին ի պատասխան հայտնել էր, թե օրեր առաջ նման ձևաչափով արդեն իսկ հանդիպում տեղի ունեցել էր։ Իվետա Տոնոյանը, սակայն, այդ պատասխանը տարօրինակ ձևակերպում է համարում։
«Այս օրերին, երբ ամեն րոպե սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, եթե անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու անհրաժեշտություն են տեսնում, ապա հարկ էր, որ դրան, այնուամենայնիվ, որոշակի արձագանք լիներ»,- նշեց նա։
Իվետա Տոնոյանի խոսքով՝ Արցախում իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները։
ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերն առավել քան իրավունք ունեն տիրապետելու ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության հետ։ Եվ ԱԺ երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջարկ-պահանջը սրանով է պայմանավորված եղել։