Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքը։ Չնայած եղան զգուշացումներ, որ ռազմական դրության պայմաններում արգելված են նման հավաքները, սակայն, միևնույն է, բազմաթիվ մարդիկ են հավաքվել, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ինչպես Ազատության հրապարակից հաղորդեց Armenia Today-ի թղթակիցը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հրապարակ գալու ճանապարհին ձերբակալել են և տեղափոխել ԱԱԾ։ Այս մասին հայտնել էր ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։ Մինչ հրապարակում ոստիկանությունը մարդկանց ցրվելու կոչեր էր անում, կազմակերպիչներից ոմանք՝ Արթուր Ղազինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, Իշխան Սաղաթելյանը և այլք, հասցրեցին հանդես գալ կարճ ելույթներով։ Նրանք բոլորը կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ ու հեռանալ, քանի որ նրա արածն իսկական դավաճանություն էր, որ նա իրավունք չուներ առանց քաղաքական ուժերի հետ քննարկումների, նման համաձայնագիր ստորագրեր, մեր հողերը հանձներ։ Ելույթներին հաջորդում էին հավաքվածների՝ «Նիկոլ, հեռացի՛ր» վանկարկումները։ Այնուհետև սկսվեցին բախումներ ոստիկանների ու հանրահավաքի մասնակիցների միջև։ Որոշ ժամանակ անց բախումները դադարեցին, սակայն, հանրահավաքը շարունակվում է, և պարբերաբար հնչում են Նիկոլ Փաշինյանի հեռացման վերաբերյալ կոչերը։ Ի դեպ, ԲՀԿ-ական Շաքե Իսայանը քիչ առաջ հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է։