Հայ Ազգային Կոնգրեսն արձագանքել է ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության տարածած հայտարարությանը։
Հայ Ազգային Կոնգրեսից նշում են՝ «Իմ Քայլի» հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ։
Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև–թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում։
Հիշեցնենք, որ իշխող ուժը հայտարարություն է տարածել, թե պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ հայ ժողովուրդը միասնական ջանքերով ըստ էության պատերազմել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի խոշորագույն զինված ուժերից մեկի, գերժամանակակից սպառազինություն և անսահմանափակ մարդկային ռեսուրս տիրապետող բանակի, վարձկան ահաբեկիչների և տարբեր պետություններից հավաքագրված հատուկ նշանակության զորամիավորումների դեմ։
Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ «Իմ Քայլն» առաջարկում է, որպեսզի ընդդիմությունը շատ հստակ ի լուր ամբողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք.
1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը։