ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ռուսաստանյան հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի՝ Ռոման Բաբայանի հաղորդման ընթացքում տված հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Ռուսաստանի առաջարկները Նիկոլ Փաշինյանը քննարկել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
«Այս ընթացքում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը հինգ հեռախոսազրույց: Երեք անգամ ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենի, երկու անգամ՝ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկներ»:
Փաշինյանն ասաց, որ դա եղել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը հանդես եկավ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու նախաձեռնությամբ: Վարչապետի խոսքով՝ բացարձակ անհեթեթություն է, որ ռուսական առաջարկները քննարկվեին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Այնինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետը մշտապես է եղել կապի մեջ:
«Օր է եղել, որ Պուտինի հետ զրուցել եմ 5-6 անգամ: Դա այնքան բացահայտ փաստ է, որ տարօրինակ են նման մանիպուլյացիաները»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրել համատեղ հայտարարություն: