«Փաստ»-ը գրում է.
«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագրով հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրվեցին։ Այս համաձայնության իրականացումը ոչ միայն շատ ծանր վիճակի մեջ է դնում հայկական կողմին, այլև նպաստավոր իրավիճակ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շատ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Սակայն, ի նկատի ունենանք, որ հրադադարի մասին այս հայտարարությունը իր անորոշություններով հանդերձ, հեռու է Արցախյան հակամարտության վերջնական կարգավորում լինելուց։
Սրա մասին, ի դեպ, խոստովանում է նաև այս խայտառակությունը Հայաստանի «վզին փաթաթած» Նիկոլ Փաշինյանը:
Միջնորդների ուշադրությունը պետք է ևս մեկ անգամ հրավիրել Թուրքիայից եկող ահագնացող սպառնալիքի վրա։ Ըստ էության, բանակցային գործընթացում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա պահպանել ներքին կայունությունը և միասնականությունը, որն այս օրերին շատ փխրուն վիճակում է։ Բայց, ինչպես արդեն բոլորն են շեշտում, այս իշխանության պարագայում դա գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ պարտության հիմնական քաղաքական պատասխանատուներին պետք է փոխարինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն կստանան։
Այս ծայրահեղ իրավիճակում հայկական կողմի շահերից է բխում նաև հայ-ռուսական փոխգործակցության խորացումը։ Հարցն այն է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ունի ամենաշատ լծակները և ազդեցության գործիքները Հարավային Կովկասում ու ի վիճակի է հակակշռել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին։
Այնպես որ, դիվանագիտական աշխատանքի ահռելի դաշտ է բացվել, պետք է ամեն ջանք ներդնել իրադարձությունների զարգացումը մեր կողմը թեքելու համար»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: