Մինչ ԱԺ նիստում օրակարգը քննարկման կդրվեր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմեց պատգամավորներին, նշելով, որ այս իրավիճակում ավելի լավ կլիներ իրենց առաջարկած արտահերթ նիստն անցկացնեին։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս պահին կարևոր է եռակողմ հայտարարությունը քննարկել, որովհետև խնդրահարույց կետեր կան։
Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստ է եղել, որտեղ եռակողմ հայտարարությունը քննարկվել է։ Նա միևնույն ժամանակ նկատեց, որ այն պատգամավորներն, ովքեր խորհրդի նիստին ներկա չեն եղել, չեն ցանկացել հարցը քննարկել։
Էդմոն Մարուքյանն էլ արձաքանգելով ԱԺ փոխնախագահին՝ ասաց․ ««Իմ քայլը» հիմա եկել է, կարո՞ղ ենք քննարկել, հակառակ դեպքում, ստացվում է, որ ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիով անցնող ճանապարհի հարցը։ Ասում են, որ այդ ճանապարն էստակադայի նման է լինելու, դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, չե՞ք ուզում քննարկել։ Մեր քաղաքացիներն էլ նայելու են այդ դրոշներին։ Այդ ճանապարհն ո՞ւմ հաշվին է կառուցվելու, ինչո՞ւ ենք այդ ճանապարհը տվել։ Այս օրերին Ղարաբաղ գնացող մարդկանց գերի են վերցնում։
Լենա Նազարյանը կրկին պնդեց, որ եռակողմ հայտարարությունն «Իմ քայլը» քննարկվել է։ Իսկ ԱԺ ընդդիմադիր ուժերի առաջարկն, ըստ Նազարյանի, պարզ չէ։
ԱԺ փոխնախագահը կրկին շեշտեց` իմքայլական պատգամավորների բացակայությունը ոչ անգործության, ոչ էլ պատահականության արդյունք չէ, այլ՝ դիրքորոշման: