Այսօր հրապարակված ճանապարհային քարտեզում ավելացնելու ոչինչ չունեմ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ունի՞ արդյոք վարչապետի քաղաքական թիմը հանրային վստահություն՝ հետագայում իրագործելու ճանապարհային քարտեզի դրույթները:
«ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության: Ես սա միշտ եմ ասել»:
Փաշինյանն ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին ասաց, որ շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը, քանի որ միշտ չէ, որ ազգային համաձայնության կառավարության ներքո ձևավորվում է համաձայնության մթնոլորտ:
«Մեր խնդիրն է ստեղծել այդ մթնոլորտը երկու կետերի շուրջ՝ կայունություն ու անվտանգություն: Եվ մենք ունենք բավարար ներուժ՝ այդ հարցը լուծելու համար»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետը իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ էր հրապարակել.
«Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին»,- գրել էր Փաշինյանը: