Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմաճակատում ծանր է, համաձայնվել է 7 շրջանների վերադարձին, բայց Իլհամ Ալիևը դրան ավելացրել է նաև Շուշին: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Նրա խոսքով, եթե Շուշի վերադառնային փախստականները, որոնց 80 տոկոսն ադրբեջանցիներ են, դա կնշանակեր հանձնել Շուշին: Հետևաբար, հայկական կողմը որոշել է շարունակել պայքարը։
«Շուշին բերդաքաղաք է, ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածել է, որ այդ հատվածում կարող ենք ունենալ ռազմական հաջողություն, ինչը տեղի չի ունեցել: Այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել հենց Շուշիի անկման ժամանակ: Այդ պահից սկսած պարզ է դարձել, որ հնարավոր չէ ունենալ ռազմական հաջողություն: Այդ իրավիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու որևէ ռազմական խնդիր: Միայն այդ պայմաններում հնարավոր եղավ այդ հայտարարության ստորագրումը»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը՝ պնդելով, որ Շուշին ոչ թե հանձնել են, այլ հակառակորդը գրավել է։
«Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն էլ ավելացրեց, թե փախստականների վերադարձի պարագայում հնարավոր էր, որ Շուշիի քաղաքապետը ադրբեջանցի լիներ։
Իր հերթին Լենա Նազարյանը նկատեց՝ ադրբեջանցի փախստականների Շուշի վերադարձին համաձայնելու դեպքում էլ իրենց կրկին մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ։