Շուշիի քաղաքապետը ադրբեջանցի չէր լինելու։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հերքելով իմքայլական պատգամավոր Արման Եղոյանի հայտարարությունը։
Պատգամավորը հայտարարել էր, թե եթե Շուշին մնար հայկական, ու ադրբեջանցի փախստականները վերադառնային, ինչի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատկերը լինելու էր մոտավորապես նույնը, ինչ այսօր կա։ Շուշիի քաղաքապետն էլ, ըստ պատգամավորի, հնարավոր է, ադրբեջանցի լիներ։
Իսկ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ դեռ հարց էր՝ ադրբեջանցիները վերադառնալո՞ւ էին Շուշի, թե՞ ոչ:
«Հիմա նույն իրավիճակում մենք ենք Հադրութի պարագայում: Հայկական կողմը պահանջե՞լ է Հադրութ վերադառնան մեր փախստականները: Մոտ 15 000 մարդ է ապրել Հադրութում ու հարակից շրջաններում»,- ասաց նա, հավելով, որ Արցախի հակամարտության հետ կապված երբևէ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, որ կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա։
Ի դեպ, Էդմոն Մարուքյանը նաև հայտնեց, որ սպառնալիքներ է ստանում։
«Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկը՝ ԶՈւ համազգեստով քաղաքացին, հայտարարում էր, որ գալու է մեր տունը գրավի։ Մենք հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին։ Որևէ մեկին խորհուրդ չեմ տա գալ մեր տան վրա, որովհետև «սաղ-սալամաթ» հետ չի գնա»,- ասաց նա։