Արցախում իմ գտնվելու ժամանակ հիմնական գործառույթս եղել է այն, որ չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Նա նաև մանրամասներ ներկայացրեց իր և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպից։
«Մտնում եմ հրամանատարական կետ, որտեղ էկրանի վրա երևում էին մարտական գործողությունները, նստած էր տիկին Աննան, կողքին կանգնած էր Սամվել Բաբայանը։ Իսկ էկրանին Մատաղիսի մարտն էր, որտեղ մերոնք ջախջախում էին հակառակորդին։ Տիկին Աննան նստած դիտում էր, որևէ գործի չէր խառնվում, միջամտություն չէր անում, ընդամենը դիտում էր, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ ավարտվեց, նրան ասացի, որ այլևս նման տեսարաններ չեն լինելու, բոլոր ուղղություններով մարտերը շարունակվում են։ Ասացի՝ դուք գնացեք, որովհետև տղաները խոսում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից։ Ասաց՝ լավ։ Մի 20 րոպե նստեց, գնաց»,- պատմեց Հակոբյանը և տեղացրեց, որ միջադեպից չորս ժամ հետո իրեն կանչել են Երևան։
«Եկա պաշտպանության նախարարի մոտ, շատ մեծ ակնկալիքով, որ պետք է հետ դառնամ։ Պարզվեց, որ հրամայել են ինձ այլևս թույլ չտալ գնալ Արցախ։ Հարցրել եմ՝ պատճառն ի՞նչն է, պատասխանել են, որ վարչապետն է արգելել»,- մանրամասնեց զինվորականը։
Հետո Մովսես Հակոբյանը վարչապետին նամակ է գրել և ասել, որ սիրտը պայթում է՝ չի կարողանում Հայաստանում մնալ և ուզում է Արցախ վերադառնալ։ Իսկ վարչապետը նրա նամակին այդպես էլ չի պատասխանել։