Կարծում եմ՝ պարտվել էինք նաև տեղեկատվական պատերազմում: Խոսքս Հայաստանի մասին չէ, այլ՝ միջազգային տեղեկատվական ոլորտի: Շատ եմ ցավում դրա համար: Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով.
«Հաճախ խոսում ենք, որ մենք ունենք ազատ մամուլ, բարձր ու ժամանակակից: Ցավով պետք է ասեմ՝ իրականում այսօր մեր լրատվությունը վերածվել է ֆեյսբուքից «քոփի փեյստ» ինֆորմացիաների, որոնք հաճախ հիմք չունեն, շատ հաճախ ուղղակի էմոցիոնալ, անտրամաբանված, կոնսպիրացիայի ամենաֆենոմենալ սահմաններին հասած, չարացած և անազնիվ տեղեկություններ են: Վերջին տարիներին, նկատի չունեմ վերջին երկու տարիները, փոխանակ զբաղվեինք, ստեղծեինք այսպես կոչված ազգային տեղեկատվություն, որը դիմակայեր թուրքական կամ ադրբեջանական պրոպագանդային արտասահմանում, մենք զբաղված էինք իրար հայհոյելով և շարունակում ենք մինչև այսօր, և սա պարտություն է, տեղեկատվական պարտություն:
Մենք պարտվել ենք նաև միջազգային հանրային դիվանագիտության մեջ, որովհետև եթե 1994 թվականին կար այսպես կոչված չբալանսավորված պրոհայկական վերաբերմունք տարբեր միջազգային ինստիտուտներում, կառույցներում, երկրներում, ապա նույնը չեմ կարող ասել այսօրվա համար: Թուրքիան և Ադրբեջանը տարիներով ջանքեր, ֆինանսներ են օգտագործել, որ դրան հասնեն»:
Նախագահը կարծում է, որ մենք պարտվել ենք նաև դիվանագիտության մեջ, պարտվել ենք շատ ծանր ձևով: Պատճառներից մեկն այն է, որ մեր հայկական դիվանագիտական կորպուսը պետք է լիներ երեք-չորս անգամ ավելի մեծ, երեք-չորս անգամ ավելի լավ ֆինանսավորված, երեք-չորս անգամ ավելի բարձրորակ կադրերով և երեք-չորս անգամ ավելի էֆեկտիվ: Եվ հիմա՝ այս ծանր, դառը դեղահաբը կուլ տալուց հետո մենք վերջապես պետք է գիտակցենք, որ մեր ազգային և պետական պարտականությունը, մեր դիվանագիտությունը և՛ հանրային, և՛ պրոֆեսիոնալ դիվանագիտությունը, պետք է բարձրացնել այն մակարդակի, որը համապատասխանում է մեր առջև դրված ծանրագույն խնդիրներին: Օրինակները բազմաթիվ են: