«Պետական ապարատն ամբողջությամբ պարալիզացված է, քանի որ այն վարչապետը, որի թիմի մասն եք կազմում, ի դեպ, նաև Դուք, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ է ստորագրել: Եվ կազմակերպչական ապաշնորհ ղեկավարմամբ աչքի ընկած պաշտոնյաներն այս օրերին վերջնականապես տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ վկան Քարվաճառից, Մարտակերտից, Մարտունիից և այլ բնակավայրերից սպոնտան, իրենք իրենց ցավի հետ բացարձակ մենակ մնացած մարդկանց գաղթն էր»:
Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառմանը։ «Հուսամ՝ թշնամուն հանձնվող բնակավայրերի ցանկին ծանոթացել եք: Դե իսկ Շուշին ուղղակի հանձնելու մասին աշխարհն է խոսում:
Սա այսպես՝ միջանկյալ: Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»»,- գրել է Իսայանն ու շարունակել․
«Ինչ վերաբերում է հանձնաժողովին. Դուք որտեղի՞ց կարող եք իմանալ, թե այս օրերին հանձնաժողովը, ինչպես նաև հանձնաժողովի անհատ-պատգամավորները, այդ թվում, կարծում եմ, նաև ձեր իսկ թիմակիցները, ինչ աշխատանք են կատարել և կատարում:
Որտեղի՞ց կարող եք իմանալ, թե ինչ կառույցների հետ է կապ հաստատվել, ինչ գրություններ են ուղղվել, ինչ այցեր են կատարվել: Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք: Պոպուլիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է…»։
Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանն իր Facebook-ում գրել էր․ «Ինչու՞ եմ մնացել «Իմ Քայլը»-ում , բազմիցս պատասխանել եմ, էլի կասեմ՝ ինձ համար ամենահեշտը դուրս գալն ու խաղաղ ապրելն է՝ զերծ պատասխանատվությունից, բայց ես պատասխանատու եմ ապրել միշտ․ եթե հաղթանակին տեր եմ, ապա պարտությունն էլ է իմը, ու ես ինձ համարում եմ պարտված, թեև անձամբ իմ կարողություններով ամեն ինչ արել եմ հաղթելու համար»: