ԱՄՆ օրենքները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն արգելում են քննարկել վիզայի անհատական դեպքերը: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե պատերազմի օրերին ԱԺ իմքայլական մի շարք պատգամավորներ և մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն, մերժվել են:
Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ նոր կորոնավիրուսի հետևանքով աշխարհով մեկ ձևավորված նշանակալի մարտահրավերներին ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղարությունը բոլոր դեսպանատներում ու հյուպատոսարաններում ժամանակավորապես կասեցրել է վիզաների տրամադրման ծառայությունները։
Մարտի 20-ի դրությամբ դեսպանատներն ու հյուպատոսարանները չեղարկել են ներգաղթային ու ոչ ներգաղթային վիզաների հարցազրույցների պայմանավորվածությունները, բայց շարունակել են անհետաձգելի ու առանձնակի կարևորության դեպքերում վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումն այնքանով, ինչքանով թույլ են տալիս ռեսուրսներն ու տեղում տիրող իրավիճակը։
Հնարավոր լինելուն պես ԱՄՆ դեսպանատունը կվերսկսի այդ ծառայությունների կանոնավոր մատուցումը։ Այս պահին, սակայն, հստակ ժամկետներ չեն կարող նշել։
«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը վիզաների հետ կապված ծառայություններ մատուցում է միայն անհետաձգելի ու առանձնակի կարևորության դեպքերում։ Երբ տեղում առկա պայմանները թույլ տան, մենք փուլ առ փուլ կսկսենք ոչ ներգաղթային ու ներգաղթային վիզաների ծառայությունների կանոնավոր մատուցումը։ Ծավալներն ու հարցազրույցների նշանակումը կախված կլինի տեղում առկա հանգամանքներից։ Ներգաղթային ու ոչ ներգաղթային վիզաների մատուցման կանոնավոր ծառայությունները մենք լիարժեք կվերսկսենք միայն համարժեք ռեսուրսների և ապահով պայմանների առկայության դեպքում։ Այժմ մենք ընթացք ենք տալիս ներգաղթային վիզաներին՝ որոշակի սահմանափակումներով, և պաշտոնական նպատակներով պահանջվող ոչ ներգաղթային վիզաների գործերին»,- պարզաբանել են դեսպանատնից։
Վիզաների հետ կապված ծառայությունները, որոնք առաջնահերթությունների ցանկում հաջորդում են ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, կվերսկսվեն պետքարտուղարության ցուցումների համաձայն, երբ տվյալ դեսպանությունում կամ հյուպատոսարանում ապահով կլինի աշխատուժի լիարժեք վերադարձը։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ հիմնականում հրաժարվում են Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտանագիր տրամադրել։
Նշվում է նաև, որ պատերազմի օրերին ԱԺ իմքայլական մի շարք պատգամավորներ և մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն, մերժվել են: