Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի գործողություններն ու դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է БЕЛТА-ն։
«Շատ կցանկանայի շնորհավորել Ձեզ՝ Կովկասում տեղի ունեցածի կապակցությամբ։ Կեցցե՛ք դուք։ Պարզ է, որ այդ ամենն առանց թերացումների չի լինում՝ և՛ քննադատություն կլինի, և՛ ամեն ինչ կլինի։ Այն, որ մեծամասամբ Ռուսաստանի շնորհիվ դադարեցվեց այդ սպանդը, որ այնտեղ մարդիկ չեն զոհվում, և, որ սկզբունքայնորեն սկսվել է Կովկասում հարաբերությունների կարգավորման ճանապարհը, շատ դրական և լավ նշան է»,- ասել է Բելառուսի նախագահը։
Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ ի սկզբանե խորապես ընկղմվել է Կովկասյան տարածաշրջանի խնդիրների մեջ, լավ գիտի դրանք, եւ այդ թեման բազմիցս քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Ես շատ գոհ եմ, որ հենց այդպես է այդ ճգնաժամը լուծվել»,- նշել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: