«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս չի կապում հայկական դիվանագիտության հետ։ Նա այսպիսի եզրահանգման է եկել նաև այսօր՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո ԱԳ նորանշանակ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը դիվանագիտության մեջ ձախողում չի ունեցել։ Ըստ նրա՝ ձախողում եղել է ռազմի դաշտում, քանի որ մեր զինվորները կռվել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։
Էդմոն Մարուքյանը նախարարի այս կարծիքը խայտառակ հայտարարություն է համարում։
«Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չունեմ կոնկրետ իրենից», -ասաց նա։
Երկրում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու նախագիծն ԱԺ ներկայացրած քաղաքական ուժի ղեկավարի խոսքով՝ իշխանությունը չի ցանկանում գնալ դրան։
«Ռազմական դրությունը չվերացնելու հիմնավորում այլևս չունեն։ Մոբիլիզացված քաղաքացիական անձինք ասում են՝ պետության հացն ենք ուտում ամեն օր, բայց ոչինչ չենք անում, թող զորացրեն, գնանք աշխատենք, տնտեսությունը խայտառակ վիճակում է»,- շեշտեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր Աժ-ն արտահերթ նիստում քննարկում է ռազմական դրության ռեժիմի վերացման հարցը։