«Ժողովուրդ»-ը գրում է.
«Հայաստանի ամենախոշոր ոսկու Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Երեկ այնտեղ սահմանի գծման աշխատանքներ էին ընթանում: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ տեղում ներկա են եղել ՊՆ ներկայացուցիչները, իսկ ինքը կամ համայնքապետարանի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել սահմանազատման գործընթացին: «Սահմանն են ֆիքսում, արդեն դիրքավորվում են` մերոնք՝ մեր կողմից, իրենք` իրենց կողմից:
Հանքավայրի էդ մասից սահմանն է գծվում, չգիտեմ՝ ինչքանն է մեզ մնում, ինչքանը` իրենց»,- ասել էր համայնքապետը: Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը: Ընկերությունը ռուս սեփականատերերի ձեռքում է: Խոշոր բաժնետերը մեծահարուստ Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ Եվ, ահա, այս միջադեպից հետո արդարացիորեն հարց բարձրաձայնվեց, թե ուր են ռուս խաղաղապահները, ինչու նման միջադեպ եղավ արդեն Հայաստանի սահմաններում, ինչ լիազորություններ ունեն նրանք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։