Այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, «բացահայտումներ» անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու, անպիտան զենք ձեռք բերելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված ԱԱԾ-ում։ Այս մասին իր հեռուստաուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտնի ասուլիսը։
«Իմ տիկնոջն է թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը։ Դա Բադեն-Բադենի սանատորիա՞ն էր, որ այնտեղ գտնվելը ներկայացվում է որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց․
«Ռմբապաստարաններում մնացած քաղաքացիներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությու՞ն էր։ Չէ՛ի իմացել»։
Հիշեցնենք, որ Հակոբյանը իր տված ասուլիսում հայտնել էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրեն կանչել են Երևան․
«Եկա պաշտպանության նախարարի մոտ, շատ մեծ ակնկալիքով, որ պետք է հետ դառնամ։ Պարզվեց, որ հրամայել են ինձ այլևս թույլ չտալ գնալ Արցախ։ Հարցրել եմ՝ պատճառն ի՞նչն է, պատասխանել են, որ վարչապետն է արգելել»,- ասել էր Հակոբյանը։