Իշխանություններն պարտավոր մանրամասն պարզաբանել, թե այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում:
«Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ»։
Թաթոյանը նկատում է՝ պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։
Նա նշում է, որ չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։
«Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»,- գրել է Թաթոյանը։
Նշենք, որ օրերս, վարդենիսցիների համար անսպասելի, ոսկու հանքի տարածք են ներխուժել ադրբեջանական կողմի ներկայացուցիչներ ու դուրս հրավիրել հանքի աշխատակիցներին: Հետագայում պարզվել է, որ նոր սահմանագծով Սոթքի հանքի մի մասը մնում է ադրբեջանական կողմում: