Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական բաժինը:
«Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նախագահը Հորդանանում էր, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։