Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման մասնակիցներն իրենց հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով նաև իրենց առաջարկությունները։
«Այս օրերը շատ դժվար են բոլորիս համար,-իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է խոսել ժողովրդի հետ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրը սրտում և մտքում մեծ ցավ ունի, ամեն օր իր հետ է տանում այդ ցավն ու դժվարությունը։ Այս ցավը միայն արցախցիներինը կամ հայաստանցիներինը չէ, բոլորինս է»։ Հայաստանի նախագահն ասել է, որ մինչ Մոսկվա գալն այցելել է արաբական մի շարք երկրներ, հանդիպել նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ «Յուրաքանչյուր համայնքում հանդիպելիս կիսել ենք մեր ցավը, շատերն ունեին զայրույթ, պահանջներ։ Նախագահի պարտականությունն է բոլորը լսել և կիսվել դիտարկումներով»,- ասել է նախագահ Սարգսյանը, ընդգծելով, որ ցավն ու կորուստը չափազանց մեծ են՝ ոչ միայն Արցախի մեծ մասի, այլև հազարավոր հայ երիտասարդների կորուստ, վիրավորների մեծ թիվ, տարաբնույթ հսկայական դժվարություններ։
Հայաստանի նախագահը վերստին շեշտել է, որ պետք է ոտքի կանգնենք, իսկ դա հնարավոր է, եթե ձեռք ձեռքի տանք, մոռանանք մեր տարբերությունները, չբաժանենք մեզ սև ու սպիտակի, հասկանանք, որ բոլորս հայ ենք, բազմամիտք, բազմագաղափար։
Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։ Մտահոգություններն են հայտնվել պատերազմի, դրա ընթացքի, իբրև ավարտ ստորագրված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։ Նշվել է նաև, որ ներկայիս կառավարությունը պետք է հեռանա, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ազգային աղետ է։ Ասվել է, որ անվստահություն կա կառավարության հանդեպ՝ երկիրը ոտքի կանգնեցնելու առումով, մանավանդ որ կառավարությունն ինքն էլ է ընդունում, որ սխալներ է գործել և ճիշտ չի գնահատել իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել Հանրապետության նախագահի՝ օրերս հնչեցրած այն առաջարկին, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն։ Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ։ Ասվել է նաև, որ պատերազմի օրերին սփյուռքն աննախադեպ համախմբվածություն ու նվիրում է ցուցաբերել և հիմա խոր հիասթափություն է ապրում, հատկապես, երբ տեսնում է, որ անորոշությունը շարունակվում է, և չկա ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր։ Տեսակետ է հայտնվել, որ կառավարության հրաժարականը և համաձայնության կառավարության ձևավորումը խթան կլինի, որ վստահությունը վերականգնվի։ Առաջարկ է հնչել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։
Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, որոնք հաճախ նաև զգացմունքային դաշտից են եղել, նախագահն ասել է, որ, գիտակցելով կորստի մեծ ցավն ու դժբախտության ահռելի չափը, հասկանում է մարդկանց զգացմունքները, զայրույթն ու քննադատությունը․ «Մեր երիտասարդներն իսկապես հերոսներ են։ Հազարավոր կյանքեր կորսվեցին, ինչը ողբերգություն է։ Մեծ թվով վիրավորներ ունենք։ Հիվանդանոցներում իրավիճակը շատ ծանր է, հիմա ոչ ոք այլևս ուշադրություն չի դարձնում կորոնավիրուսին»։
Նախագահն ասել է, որ մենք պարտություն ենք կրել մի քանի պատերազմներում։ «Նախ, ժողովրդագրական պատերազմը․ 1994 թվականի հրադադարից հետո բնակչության աճ չի եղել։ Երբ զինվորը կանգնած է սահմանին, նա անընդհատ նայում է, թե ինչ կա թիկունքում։ Եթե այնտեղ դատարկություն է, անգամ մեծ ոգի ունեցող հայ զինվորի համար դժվար է։ Պետք էր բնակեցնել այդ տարածքը»,-նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ մենք պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում․ «Ադրբեջանցիներն ու թուրքերը լրջորեն էին սրան պատրաստվել։ Այս պատերազմը շարունակվում է նաև այսօր, նրանք հարձակվում են մեզ վրա։ Մենք սրանով չենք զբաղվել, դրա համար տանուլ տվեցինք։ Հայաստանում մենք այսօր հարձակվում ենք իրար վրա՝ միավորվելու փոխարեն»։
Ամփոփելով երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է․ «Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի է ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։
Կա քաղաքակիրթ ճանապարհ՝ արտահերթ ընտրություններ, ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա։
Այս ընթացքում պետք է նաև հանրաքվե անցկացնել։ Անպայման պետք է փոխել կամ Սահմանադրությունը, կամ էլ այդ Սահմանադրությունը ավելի մարդկային պետք է դարձնել»։
Անդրադառնալով այն փաստին, որ ինքը մամուլից է տեղեկացել Արցախին վերաբերող եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նախագահ Սարգսյանն ասել է․ «Ես կարծում եմ, որ սա պետականության կործանում է։ Այն կործանվում էր ոչ այդ մեկ օրը, այլ տարիներ շարունակ։ Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը։ Ոչ թե այն պատճառով, որ չեմ առաջարկել կամ պնդել, այլ որովհետև այդպիսին են մեր Սահմանադրությունն ու պետությունը»։
Ի՞նչ անել հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Նոյեմբերի 10-ից սկսած՝ ինձ մոտ եմ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Գոյություն ունի տարածք, որտեղ մենք կարող ենք հավաքվել, առաջին հերթին ես՝ որպես նախագահ առաջարկել եմ դա։ Ես շատ քիչ լիազորություններ ունեմ, սակայն նախագահությունը հենց նման օրվա համար է։
Հնարավոր է, որ այս վատ Սահմանադրության համաձայն՝ իմ դերն այն է, որ նման օրերին լինեմ այն մարդը, որը կարող է օգնել դուրս գալ այս իրավիճակից։ Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին»։
Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետ, նախագահը մասնավորապես նշել է․ «Մենք մշտապես մեր խնդիրների լուծումները կապում ենք ինչ-որ անհատի հետ։ Դա մեր մեջ նստած է։ Այսինքն, երբ մեկը դառնում է նախարար, ապա կարծում է, որ նախարարությունն իրենն է, և մարդիկ ևս կարծում են, որ նախարարությունն նրանն է։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ, շատ հաճախ, նախարարությունները չեն աշխատում՝ որպես ինստիտուտներ, այլ՝ աշխատում են որպես այդ մարդու սեփականություն։ Չի կարող երկիրը պատերազմ հաղթել՝ չունենալով ուժեղ ինստիտուտներ։ Պատերազմի ժամանակ բոլոր ինստիտուտներն աշխատելու են միասնական։
Ո՞վ է ուզում վարչապետ դառնալ։ Նայեք խնդիրների այս մեծ ծավալին, դա մեծ բեռ է։ Նա պետք է լինի ազնիվ մարդ, և մենք բոլորս պետք է օգնենք նրան։ Աշխարհում չկա մի այնպիսի մարդ, որը կարող է միայնակ ոտքի կանգնեցնել այս երկիրը։ Մենք բոլորս միասին պետք է այդ գործով զբաղվենք, պետք է ունենանք ծրագիր և մեր իրական բարեկամների աջակցությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի: Կա նախագահի ինստիտուտ։ Նախագահը չի ուզում վարչապետ դառնա, ես հավակնություններ չունեմ, մրցակից չեմ որևէ մեկի համար։ Ուզում եմ, որ մեր երկիրը կայուն լինի, որովհետև անկայուն երկիր նշանակելու է, որ վաղը նորից պատերազմ է սկսվելու։ Իմ դերը տեսնում եմ հետևյալում՝ օգնել մեր հանրությանը, որ այս ծանր վիճակից դուրս գանք»,-ասել է Արմեն Սարգսյանը։