«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով գերիների վերադարձի հարցում մեծ է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:
Նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ հետևեն գերիների վերադարձի հարցին։
«Բաքվում հաղթական շքերթի ժամանակ մեր գերիների և տեխնիկայի մասնակցության վերաբերյալ լուրեր ունեինք։ Ես ներկայացրել եմ, որ Ժնևյան կոնվենցիաներով դա արգելված է։ Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիաների կողմ: ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և Կարմիր խաչի կողմից արդեն որոշակի ուղերձներ գնացել են Ադրբեջան՝ առ այն, որ իրենք իրավունք չունեն նման բան անելու: Այս առումով ես ասում եմ՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հանկարծ տեղի չունենա»,- նշեց նա։
Էդմոն Մարուքյանն առաջարկել է ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձն իրենց ընտանիքներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո պետք է իրականացվեր գերիների, զոհերի մարմինների վերադարձ, սակայն Ադրբեջանն ամեն կերպ հետաձգում է այդ գործընթացը, չներկայացնելով ստույգ պատճառներ։