Ոստիկանները հեռացել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողներին, որոնք փորձում էին փակել Մաշտոցի պողոտան:
«Քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել, միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չի, որ իրավունք ունի փողոց փակել, արժանապատիվ քաղաքացիները ևս իրավունք ունեն փողոց փակել: Ժամկետի խնդիր կա, թող ժամկետը Ոստիկանությունը որոշի՝ ասի, մենք կտեսնենք՝ սա Իլհամ Ալիևի՞ ոստիկանությունն է, թե՞ Հայաստանի Հանրապետության»,- ասաց Մելիքյանը և նշեց, որ ցուցարարներին բերման ենթարկելն անօրինական էր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: