ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ-ի Facebook-ի էջում տեղադրված հայտարարությունից, որում ասվում է․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝
– Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:
Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։
Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ։
Նշենք, որ ՌԴ, ՀՀ և ԱՀ առաջնորդների նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունից և դրա արդյունքում Արցախյան պատերազմի ավարտից հետո առայսօր անլուծելի է մնում գերիների վերադարձի հարցը։ Ե՛վ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական կուսակցությունները մեղադրում են իշխանությանը անգործության համար, քանի որ մինչ այժմ որևէ գերի չի վերադարքձվել հայրենիք։