Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ընդդիամադիր 17 ուժերը հրավիրել են խորհրդի նիստ, որոշում են կայացրել «Հայրենիքի փրկության» ազգային շարժում սկսել, ընդլայնել իրենց կազմը։ Գումարվել է «Հայրենիքի փրկության» շարժման խորհրդի նիստ, որը որոշում է կայացրել, որ միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է»։
Ըստ Վանեցյանի՝ Մանուկյանը հենց այն քաղաքական գործիչն է, որը կարող է բանակցել Ղարաբաղի հարցով ամբողջ երկրի անունից: Նա նաև շեշտեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում հրաժարվել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից, միևնույն ժամանակ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն հայկական կողմի համար ավելի շահեկան լինի: Վանեցյանը նաև ասաց, որ Վազգեն Մանուկյանը ելույթ է ունենալու դեկտեմբերի 5-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում և ներկայացնելու է գործողությունների մանրամասն ծրագիր:
Նշենք, որ «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը Ղարաբաղ կոմիտեի հիմնադիրներից էր, Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետ (1990-1991): 1992-93 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարար: 2009-2019թթ. եղել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ, 2019 թվականից մինչ օրս՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ: