Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը»,-նշել է մարզպետն իր Facebook-յան հայտարարության մեջ։
Նշենք, որ Անդրեյ Ղուկասյանը 2018թ.-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին պաշտոնավարել է՝ որպես Լոռու մարզպետի տեղակալ, ապա 2018թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ որպես մարզպետ։
«Սա ինձ համար կարևոր շրջափուլ էր, բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 աշխատանքային տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա մարդուն, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես…»,-նշել է նա։
Ըստ նրա՝ իրենց որոշ չափով հաջողվել է հասնել իրենց նպատակակետին։ «Լոռու մարզպետի պաշտոնն ինձ համար ոչ թե արդյունք էր, այլ՝ միջոց, այդ նպատակները կյանքի կոչելու համար։ Հետադարձ հայացք գցելով՝ ինքս իմ խղճի ու լոռեցու առաջ պարզճակատ եմ, ու չե՛մ վարանում ասել. արել եմ հնարավոր ամեն ինչ, աշխատել եմ օրվա գերակշիռ մասը՝ հաճախ երկրորդ պլան մղելով ընտանիքս, հարազատներիս, ընկերներիս՝ չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ ջանքեր, ոչ նվիրում։ Արվածի հատուցումը լոռեցու հետադարձվող ժպիտն ու հավատն էր, լոռեցու շնորհակալանքի խոսքերը, որ նոր ուժով ու նոր եռանդով գործելու, արարելու, հանուն Լոռու ու լոռեցու վաղվա՝ ավելի լավ օրվա համար պայքարելու հնարավորություն էր տալիս»,-նշել է Ղուկասյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել լոռեցիներին՝ իրեն տրված վստահության քվեի համար։