Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է պատճառ դառնա վարձկանների` տարածաշրջան ներթափանցելու համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։
«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար, և կապ չունի, թե ում կողմից նման փորձ կարվի։ Եվ այս հարցում մեր և մեր թուրք գործընկերների դիրքորոշումները համընկնում են», – հայտարարել Է Լավրովը։
Անկարան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության համատեղ կենտրոնը կստեղծվի մոտ ժամանակներս:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ամփոփելով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները։
«Մենք տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կստեղծվի հրադադարի ռեժիմի վերահսկողության համատեղ կենտրոն», – ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ահաբեկիչների մասնակցության փաստը բազմիցս հաստատվել է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների կողմից: