Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել, ըստ որոշ տեղեկությունների, հունվարի 11-ին Փաշինյան-Ալիև-Պուտին նախատեսվելիք հանդիպման առնչությամբ։
Ըստ կաթողիկոսի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որոշակի երկիմաստ և վտանգավոր դրույթներ է պարունակում և հարկ է, որ ՀՀ իշխանությունների կողմից պարզաբանումներ ներկայացվեն։
«Հայաստանի հողային ամբողջականութեան եւ պետութեան ամուր ու անվթար պահպանումը անսակարկելի համահայկական յանձնառութիւն է։ Մեր դարաւոր պատմութեան ընթացքին, ճակատագրական պահերուն, ազգին ու հայրենիքին գոյութեան սպառնացող վտանգներուն դիմաց մեր ժողովուրդը իր «ոչ»ը ըսած է, ի գին ամէն զոհողութեան»,-նշված է հայտարարության մեջ։
Ըստ Արամ Ա-ի՝ հանրությունը ծանոթ չէ նաև հունվարի 11-ի կայանալիք հանդիման մանրամասնություններին․ «Մեր պահանջն է, կը հաւատանք նաեւ մեր ժողովուրդին, որ Երեւանը որեւէ համաձայնագրի ստորագրութեամբ չվտանգէ Հայաստանի գերիշխանութիւնը, պետականութիւնը ու հողային ամբողջականութիւնը»,-նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական տարբեր հարթակներում տեղեկություններ են տարածվում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման և հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման առնչությամբ։