ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին հայտնում է Կրեմլը:
«Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին Հայաստան, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին:
Բացի այդ, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մինչ այս պահը շրջանառվում էին տեղեկություններ հունվարի 11-ին սպասվող եռակողմ հնարավոր հանդիպման վերաբերյալ, սակայն պաշտոնապես այդ մասին չէր հայտարարվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում: Տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն արգելափակված են:
Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Սահմանապահ ծառայության մարմինները: