ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ճեպազրույց է տվել լրագրողներին։ Նա նախ մեկնաբանեց իր՝ խմբակցությունը լքելու որոշումը, նշելով, որ այդ քայլին գնալու համար ունեցել է պատճառներ, որոնք այս պահին դեռևս չի պատրաստվում ներկայացնել, իսկ ինչ վերաբերում է խմբակցության մյուս պատգամավորների իր որոշման առնչությամբ արձագանքին, ապա դա թողնում է նրանց խղճին։ Նա նշեց, որ պատրաստ էր խմբակցությունը լքել անմիջապես պատերազմից հետո, սակայն, հասկանալով երկրում ծառացած խնդիրները, չգնաց դրան։ Երբ լրագրողներից մեկը Հովսեփյանին հարցրեց, թե ինչու՞ վերջինս ժամանակին նույնկերպ չէր արձագանքում Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ ինչ կուզեմ, այն էլ կբանակցեմ, ինչո՞ւ նրան այդ կապակցությամբ հարցեր չէին տրվում, պատգամավորն ասաց, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում վարչապետը դեմ է եղել հողերը հանձնելուն, հակառակ դեպքում, իր արձագանքը կլիներ նույնը։
Ի դեպ, Սոֆյա Հովսեփյանը շեշտեց, որ, չնայած դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն երբեք չի համագործակցի 17 կուսակցություններից կազմված ընդդիմության հետ՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցում, ավելին՝ չի աջակցի ընդդիմության միասնական թեկնածուին։ Միաժամանակ, պատգամավորը կարծում է, որ պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իսկ որպեսզի դրանք լինեն արդար ու թափանցիկ, պետք է մինչ այդ ձևավորվի ժամանակավոր կառավարություն։