Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական օրակարգը տապալվեց։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ ամենակարևորը ռազմագերիների վերադարձի հարցն էր, որը չլուծվեց։
«Ակնհայտ է, որ գերիներին պահում են Հայաստանին ճնշելու համար։ Եթե դիտարկենք ադրբեջանական հայտարարություններն առ այն, որ 62 անձանց չեն համարելու ռազմագերի և ցանկանում են նրանց դուրս դնել Ժնևյան կոնվենցիայից ու քրեական գործերով դատել, ապա երեկ Մոսկվայում գոնե մնացած ռազմագերիների մասով պետք է լիներ համաձայնություն։ Գոնե այդքանն արվեր, բայց դա էլ չի հաջողվել անել։ Երբ հակառակորդը փաստաթղթի մի կետը չի կատարում, մենք ինչո՞ւ ենք կատարում»,- տարակուսում է պատգամավորը։
Նա նկատում է՝ ադրբաջանական օրակարգը ճշգրտությամբ կատարվում է, իսկ հայկականը՝ տապալվում, քանի որ ՀՀ պարտության սիմվոլ վարչապետը շարունակում է գնալ բանակցությունների։
Ըստ Մարուքյանի՝ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ մեր նախապայմանը պետք է լիներ ռազմագերիների վերադարձը հետևյալ բանաձևով՝ չեն վերադարձնում, չենք՝ ստորագրում։
Մեր երկրում էլ Էդմոն Մարուքյանն իրեն անվտանգ չի զգում, քանի որ իր մի քանի տասնյակ հայրենակիցներ Բաքվում ռազմագերի են։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։