Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին։ Այս մասին
գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Մարդկային կորուստը շուրջ 7 մլրդ դոլար (զոհված և անհետ կորած զինծառայողներ՝ շուրջ 4500, 1-ին կարգի հաշմանդամներ շուրջ 5000, երկրորդ կարգի հաշմանդամներ շուրջ 6000, ֆիզիկապես առողջ, բայց արդեն հասարակության ոչ լիիրավ անդամ շուրջ 2000 մարդ) Եվրոպական Խորհրդի գնահատմամբ մեկ մարդու կյանքի արժեքը պետության համար կազմում է 3,1 մլն եվրո»,- գրել է Մանուկյանը։
Նրա պնդմամբ՝ Հայաստան Համահայկական հիմնադրամն Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում կատարել է շուրջ 150 մլն դոլարի ներդրում։ Միայն մեր պայծառ և հպարտ բերդաքաղաք Շուշիում իրականացվել են 15 մլն դոլարի ծրագրեր։ Դա լոկ 15 մլն դոլարի կորուստ չէ․․․ Միայն այստեղ հայ ժողովրդին հասցվել է 500 մլն դոլարի վնաս։ Մեր պաշտպանական համակարգին հասցվել է շուրջ 2 մլրդ դոլարի վնաս։ Սոթքի հանքավայր՝ շուրջ 8 մլրդ դոլար։
«Արցախում կորցրած ՀԷԿ-երի արժեքը կազմում է շուրջ 600 մլն դոլար, սակայն դա 600 մլն դոլարի կորուստ չէ, հաշվի առնենք, որ զրկվել ենք համեմատաբար ցածր ինքնարժեքով էլ.էներգիա ստանալու հնարավորությունից, հաշվի առնենք, որ ՀԷԿ-երը նաև որոշակի էներգետիկ անվտանգության երաշխիք էին՝ փոքրիկ էներգետիկ անկախություն։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ Արցախում տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, սա լոկ 150 հազար տոննա հացահատիկի կորուստ չէ, այլև մեր պարենային անվտագության բաղադրիչ մաս․․․ Նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող։ Տեղական թութունի 30%-ն արտադրվում էր Արցախում։ Պտուղ-բանջարեղենի որակական լավագույն արտադրանքը հայ ժողովրդին մատակարարվում էր Արցախ աշխարհից։ Կորցված տարածքներում գյուղմթերքի ոլորտում տարեկան արտադրվում էր շուրջ 300 մլն դոլարի պտուղ բանջարեղեն։ Արցախն ապահովում էր նաև Հայաստանի մսամթերքի պահանջարկի մի մասը։ Այստեղ հասցված վնասն առվազն 3 միլիարդ դոլար կկազմի»,- ընդգծել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են Եռակողմ հայտարարություն, որով Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: Եռակողմ հայտարարությամբ դեռ հստակեցված չեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները։